Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ո՞վ և ինչո՞ւ է պատերազմ ուզում Լեռնային Ղարաբաղում

Ո՞վ և ինչո՞ւ է պատերազմ ուզում Լեռնային Ղարաբաղում
13.05.2017 | 12:30

ԱՄՆ Կոնգրեսի Հետախուզության հանձնաժողովում «Գլոբալ մարտահրավերների» թեմայով լսումներ էին, որոնց մասնակցում էին Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոուտսը, ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն, ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնակատար Էնդրյու Մաքեբը, ԱԱԾ-ի տնօրեն Մայք Ռոջերսը և հատուկ ծառայությունների այլ ղեկավարներ: Հիմնական զեկույցը Դենիել Քոուտսինն էր, որ բնորոշեց ԱՄՆ-ի գլխավոր մարտահրավերները, որոնց բախվում է Արևելյան ու Արևմտյան կիսագնդերում: Ազգային հետախուզության տնօրենը հատուկ անդրադարձավ իրավիճակին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում: Նրա դատողությունները կարևոր են, որովհետև որոշարկում են բանաձևելու հնարավորությունը մետասցենարների՝ քաղաքական գլոբալ գործողությունների սցենարների շղթան, որ ապահովում են սեփական նպատակների իրագործումը կամ հակազդում են նրանց նպատակների իրագործմանը, ում Վաշինգտոնը համարում է հակառակորդ:

Քոուտսը հայտարարում է, որ անցնող տարում չի բացառվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունը:
«Երևանի ու Բաքվի միջև լարումը Լեռնային Ղարաբաղի անջատողական շրջանի շուրջ սրվել է 2016-ի ապրիլին,- արձանագրում է Քոուտսը:- Երկու կողմերի փոխզիջման չգնալու ցանկությունը և աճող ներքին ճնշումը ենթադրում է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունը 2017-ին պահպանվում է: Շարունակվող տնտեսական խնդիրներն Ադրբեջանում, հավանաբար, բարդություններ են ստեղծելու գործող վարչակարգի համար և ուժեղացնելու են այլախոհների ճնշումները՝ հանուն իշխանությունը պահելու՝ փորձելով զուգահեռ հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի ու Արևմուտքի հետ»: Ի՞նչն է նորություն և որոշ չափով սենսացիա: ԱՄՆ Կոնգրեսին Ազգային հետախուզության վերջին զեկույցը անցյալ տարվա աշնանը ներկայացրել է նախկին տնօրեն Ջեյմս Կլեպերը: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտու իրավիճակի մասին այն ժամանակ ասվել է. «Ադրբեջանի ռազմական ներուժի մեծացումը՝ տնտեսական ճգնաժամի ազդեցության համադրումով բերում է մարտական գործողությունները վերսկսելու սպառնալիքի աճին: Բաքուն մտադիր չէ հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, իսկ Հայաստանը չի ցանկանում լքել օկուպացված տարածքները: Այդ ամենը բարդացնում է կոնֆլիկտի կարգավորումը քաղաքական միջոցներով»:

Երկու զեկույցներում էլ բացակայում է հայ-ադրբեջանական առճակատումը՝ ինչ-որ արտաքին ուժերի կողմից բարդացնելու փորձերի հիշատակումը: Սակայն Քոուտսը հիշատակում է Ադրբեջանի փորձերը «հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի ու Արևմուտքի հետ»: Այստեղ է ինտրիգը, եթե համադրենք տնօրենի խոսքերը Բաքվի գործող վարչակարգի «բարդությունների», «այլախոհների ճնշումները իշխանությունը պահելու համար» և դաշնակցին կամ դաշնակիցներին պարզելու փորձերը Արևմուտքում: Ադրբեջանցի քաղաքագետ Էյնուլա Ֆատուլաևի կարծիքով, ում անցյալ ամռանը մեջբերում էր Բաքվի Haggin.az, պորտալը, պետք է տարբերել Արևմուտքը ռազմավարական այնպիսի դաշնակցից, ինչպես Թուրքիան, որ «կտրում է վերջին թելերն Արևմուտքի հետ»: Քոուտսը կանխատեսում է և Անկարային այս տարի «մեծ բարդություններ մարդու իրավունքների խախտումների և ԶԼՄ-ների ազատության սահմանափակման համար»՝ այս ենթատեքստում Ադրբեջանն ու Թուրքիան մեկ քաղաքական հարթության մեջ դնելով՝ չնայած Բաքվի բոլոր ջանքերին՝ իրեն ներկայացնել «Արևմուտքի դաշնակից», որ իրականացնում է «կենսականորեն կարևոր գլոբալ նախագծեր էներգետիկայի և տրանսպորտային հաղորդակցուղիների ոլորտում»:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Ազգային հետախուզության երկու զեկույցներում ընդհանուրն է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ազդակներից մեկը համարվում է Ադրբեջանի տնտեսական վիճակը: Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ վերլուծությունները լի են տագնապալի սցենարներով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում իրադարձությունների հետագա ընթացքի վերաբերյալ: Անցյալ տարեվերջին ԱՄՆ հայտնի վերլուծական կենտրոններից մեկը՝ Centre for Preventive Action-ը արդեն կանխատեսել է 2017-ին Երևանի ու Բաքվի լայնամասշտաբ պատերազմ: Քոուտսի զեկույցի, արևմտյան հայտնի պարբերականներում այլ հրապարակումների հետ, դա ընկալվում է իբրև Անդրկովկասում «քաոսային սցենարները» խրախուսելու ձգտում: Թեպետ կա և այսպիսի տեսակետ՝ առաջիկա ամիսներին ԱՄՆ-ը զբաղված է լինելու ներքին հարցերով և հազիվ թե ակտիվ մասնակցի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը: Տեսնենք՝ ինչ կլինի:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Փաստորեն՝ կա տարբերա՞կ, որ ԼՂ կոնֆլիկտը առաջիկա ամիսներին կարող է կարգավորվել, և ո՞րն է այդ տարբերակը, որին ԱՄՆ-ը ակտիվորեն չի մասնակցի՝ ներքին հարցերով զբաղված լինելով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներքին ու արտաքին հարցերին մեկ լուծում տալու ցուցադրական դրսևորում արդեն ունեցել է՝ հրթիռակոծելով Իդլիբը: Ֆրանսիան նախագահականից հետո խորհրդարանական ընտրությունների մեջ է լինելու, Ռուսաստանում եկող տարի նախագահական ընտրություններ են, ԱՄՆ-ը՝ ներքին խնդիրների, այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները ինքնազբաղվա՞ծ են: Հնարովի վարկած է: Առավելագույնը՝ տարատեսակ վարկածներից մեկը կարող է լինել, ընդամենը: Շատ ավելի ռեալ է վարկածը, որ Ադրբեջանին պետք է ևս մեկ փոքրիկ պատերազմ, բայց՝ պարտադիր հաղթական, որ առժամանակ մոռացնի տնտեսական վիճակը, մթնոլորտը, որ առավել պայթյունավտանգ է դառնում: Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ հայկական բանակը: Շատ ավելի հետաքրքիր է վարկածը, որ Թուրքիային են փորձում կոնֆլիկտի կարգավորման հարթակ բերել: Պարբերաբար Իրանին են վերագրում տեսակետներ, որ չեն արտահայտել պաշտոնատար դեմքերը: Քաոսը նաև այդպես է ստեղծվում:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ հաճախ է հպարտանում իր բանակի մարտական գործողություններով և դա դարձնում է ռուսական զենքի, իբրև ապրանքի, գովազդ: Ռուսական պաշտպանական ընկերությունների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ ռուսական զենքը գնելու աննախադեպ ցանկություն է հայտնվել՝ «շնորհիվ ռուսական զենքի արդյունավետ կիրառման ռեալ, մարտական պայմաններում, ադ թվում՝ Սիրիայի հակաահաբեկչական գործողություններում»: Այնուամենայնիվ, զենքի արտահանման ֆենոմենալ աճի մի քանի տարիներից հետո ռուսական զենքի արտադրության մեջ միանգամայն անժամանակ ստագնացիա է սկսվել, երբ նավթի գնանկումը ավերում է տնտեսությունը ռազմական հզորության աճով, որը կախված է զենքի վաճառքից: 2005 -2013-ին ռուսական զենքի վաճառքը եռապատկվել է, բայց հետո ամեն տարի կամ նվազել, կամ նույն մակարդակին է մնացել: Չինաստանն ու Հնդկաստանը, որ գնում էին ռուսական արտահանվող զենքի համարյա կեսը, սկսել են զենք արտադրել ու վաճառել: Վիետնամը, որ զենքի վաճառքի ևս մեկ շուկա էր Ռուսաստանի համար, նեղացել է, երբ անցյալ տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանեց Վիետնամին զենքի վաճառքի արգելքը: Նավթի ցածր գները կրճատել են Ալժիրի, Նիգերիայի, Ադրբեջանի զենք գնելու հնարավորությունները Ռուսաստանից: Տասնամյա ռազմական էքսպանսիայից հետո այս տարի Ռուսաստանը կրճատել է իր պաշտպանական բյուջեն 25 % (որոշ գնահատականներով՝ 10 %): Ինչո՞ւ են զենք վաճառում, որովհետև պատերազմում են, ինչո՞ւ են պատերազմում, որովհետև պիտի զենք վաճառեն: Ոչ միայն Ռուսաստանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ